CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Մարիա Յակոբսեն

Մարիա Յակոբսեն
21.04.2026 | 14:46

Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենին հազարավոր հայ երեխաներ ճանաչում ու կանչում էին պարզապես «Մամա»։

Այս որբերին նա փրկել է Հայոց ցեղասպանության օրերին՝ սկզբում Խարբերդի (այժմ՝ Թուրքիայի Էլազըղ քաղաքը) ամերիկյան հոսպիտալում, իսկ ավելի ուշ՝ Լիբանանի որբանոցներում, երբ 1920-ականներին սկսվեց Օսմանյան կայսրության տարածքից հայ որբերի զանգվածային տարհանումը։

Մարիային հիշում են ոչ միայն որպես մեծանուն ու անձնվեր մարդասեր, այլև որպես ապագա արքեպիսկոպոս Տեր Հուսիկ Սանթուրյանի դաստիարակ (վերջինս «Թռչնոց բույն» որբանոցի սաներից էր)։ 1907-1919 թվականներին Մարիայի գրած 600 էջանոց օրագիրը, որը լի էր բազմաթիվ ահասարսուռ լուսանկարներով, հսկայական դեր խաղաց Հայոց կենաց-մահու պայքարի մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու գործում։

1882 թ. ծնված Մարիա Յակոբսենը 1890-ականներին Օսմանյան կայսրությունում իրագործված Համիդյան ջարդերի մասին տեղեկացել էր դեռ պատանի տարիքում։ Այդ իսկ պատճառով, բուժքույրական դասընթացներն ավարտելուց հետո նա համալրեց «Կանանց առաքելության աշխատողներ» (KMA) կազմակերպության շարքերը և ուղևորվեց Թուրքիա։ Նա գթության քույրերից առաջինն էր, որ հասավ Խարբերդ. դա համընկավ նրա 24-ամյակի հետ։ Դեռ նոր էր անցել գործի, երբ տեղի բժիշկներն արդեն նրան անվանում էին «փրկության հրեշտակ»։ Թեպետ բարձրադիր վայրերում աշխատելն ու երկար ճանապարհներ կտրելը ֆիզիկապես ծանր էին նրա համար, սակայն դա ոչինչ էր 1915-ին սկսված արհավիրքի համեմատ։ Ցեղասպանության ալիքը հազարավոր երեխաների բերեց նրա մոտ։

Երեխաներին փրկելու նպատակով Մարիան սկզբում որդեգրեց երեքին, սակայն շուտով նրա խնամքի տակ հայտնվեցին 3600-ը։ Նա միանձնյա ստանձնեց հիվանդանոցում տեղավորված հազարավոր որբերի խնամքը, երբ Առաջին աշխարհամարտին Միացյալ Նահանգների ներգրավման պատճառով ամերիկյան անձնակազմն ստիպված եղավ լքել կայսրության տարածքը։ Եղել է ժամանակ, երբ Յակոբսենն օրական կերակրել է 4500 երեխայի։ Չափազանց դժվար է ընթերցել այդ օրերի մասին նրա հուշերը. «Ես կարծում էի՝ այլևս երբեք չեմ ժպտա»,- գրում է Մարիան՝ պատմելով տեղի բացակայության պատճառով մի տղայի մերժելու մասին, որին հետո գտան սովից մահացած։ «Սիրտս կտոր-կտոր էր լինում»,- նկարագրում է նա մեկ այլ դեպք, երբ ոստիկանները (որոնք նաև հայերի հետապնդումների մասնակից էին) իր դուռն են բերում պատառոտված ոտքերով, մերկ մի փոքրիկ աղջնակի։

Մարիան կյանքի գնով հաջողացնում է իր օրագիրը դուրս բերել երկրից, երբ 1919-ին, սաներից մեկից վարակվելով տիֆով, ստիպված է լինում վերադառնալ Դանիա։ Ապաքինվելուց կարճ ժամանակ անց նա հրավիրվում է Միացյալ Նահանգներ, որտեղ յոթ ամիս շարունակ ելույթներ է ունենում հայ որբերի ծանրագույն կացության մասին՝ միջոցներ հայթայթելով նրանց համար։

Տեղեկանալով, որ Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը (Near East Relief) ձեռնարկել է 110,000 երեխաների տարհանումը Թուրքիայից՝ Մարիան, վտանգն անտեսելով, շտապ վերադառնում է Մերձավոր Արևելք և զբաղվում որբահավաքությամբ։ Թուրքիա մուտք գործելու արտոնագիր չստանալով՝ նա ուղևորվում է Լիբանան և շուտով հիմնում «Թռչնոց բույն» որբանոցը։ Մարիայից մշտապես քաղցրավենիք խնդրող երեխաները նրան հիշեցնում էին ձվից նոր դուրս եկած քաղցած թռչնակների. այստեղից էլ առաջացել է որբանոցի անվանումը։

Այցելուները վկայում էին, որ «Թռչնոց բույնն» ավելի շատ նման էր դպրոցի, քան որբանոցի. այնտեղ տիրում էր անթերի մաքրություն ու կարգապահություն։ Երեխաները կրթություն էին ստանում, իսկ աղջիկները՝ հմտանում ասեղնագործության նրբությունների մեջ։ Ուշագրավ է, որ հաստատությունը շարունակել է գործել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

1950 թ. Յակոբսենը դարձավ առաջին կինը, որը մարդասիրական գործունեության համար պարգևատրվեց Դանիայի թագավորության ոսկե մեդալով։ Մարիան վերջին անգամ հայրենիք այցելեց 1957 թ., իսկ մահացավ 1960 թ.՝ իր սիրելի «Թռչնոց բույն» որբանոցում։ Իր ցանկությամբ՝ նրա աճյունն ամփոփվեց որբանոցի բակում։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ